Ում կվստահի մարզպետ Տիգրան Պետրոսյանը
Հասարակություն
Գյումրիում ընտրում են «Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց»-ի նոր տնօրենին: Թափուր պաշտոնի հավակնորդ թեկնածուները երեքն էին՝ 15 տարի հաստատությունը ղեկավարած Աշոտ Կուրղինյանը, «Գյումրի» բժշկական կենտրոնի ու «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոցի» տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը և «Գյումրի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Հրաչ Մարտիրոսյանը, վերջինիս փաստաթղթերը թերի են եղել, ինչի արդյունքում չի մասնակցել մրցույթին:
Պայքարը ծավալվել է Աշոտ Կուրղինյանի, ում աշխատանքի վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դրական գնահատական էր տվել, և Ժորժիկ Սերոբյանի միջև: Վերջինս, շրջանառվող լուրերի համաձայն, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի մտերիմ շրջանակներից է:
Մրցույթն ընթացել է նշված երկու թեկնածուների միջև։ Նախ, նրանք անցել են թեստավորման փուլը, որի արդյունքում՝ փակ, գաղտնի քվեարկությամբ 7 կողմ ձայն տվել են գործող տնօրենին և 6 կողմ, 1 դեմ ձայն` Ժորժիկ Սերոբյանին: Արդյունքում երկու թեկնածուներն էլ հաղթող են ճանաչվել և տնօրեն նշանակելու որոշումը մնացել է մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուսերին:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում մարզպետ Պետրոսյանը նկատեց, որ այո՛, ինքն է որոշելու, թե թեկնածուներից ով կլինի հաստատության տնօրենը:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ մարզպետը հայտնվել է աննախաձելի վիճակում, քանի որ Սերոբյանները աջակցել են իրեն մարզպետ դառնալու հարցում: Իսկ մյուս կողմում՝ թեստավորման փուլը ամբողջովին հաղթահարած, մրցութային հանձնաժողովի առավելագույն ձայներ հավաքած գործող տնօրենն է:
Այս ընթացքում տարածվեցին մի քանի վարկածներ, որոնցից ամենաշատ քննարկվողն այն էր, որ մարզպետը, հաշվի առնելով հանրության և լրատվամիջոցների հետաքրքրությունը տնօրեն նշանակելու հարցում, փորձում է համոզել Սերոբյաններին, որպեսզի «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական Հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնում շարունակի պաշտոնավարել գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանը, իսկ Ժորժիկ Սերոբյանին առաջարկվում է մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնը:
Մեզ հետ զրույցում մարզպետը հերքեց այդ լուրը՝ մասնավորապես ասելով. «Այդ պաշտոնին չի համապատասխանում պարոն Սերոբյանի այս պահի աշխատանքային նկարագիրը»:
Մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր որոշումը պետք է կայացնի վաղը, թե ում կվստահի նա՝ կներկայացնենք հաջորդիվ:
