«Մինչ ԿԳՄՍ նախարությունը մատնված է անգործության, համալսարաններում ապօրինությունները շարունակվում են»
ԲլոգոսֆերաՎահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ ԿԳՄՍ նախարությունը մատնված է անգործության, համալսարաններում ապօրինությունները շարունակվում են:
Տարբեր ԲՈՒՀ-երից ստանում եմ լուրեր, որ համալսարանների ղեկավարությունները ստիպում են ուսանողներին սեպտեմբեր ամսին վճարել ուսման ամբողջ վարձը, ինչը հակաօրինական է. ԲՈՒՀ-ը իրավունք չունի ստիպել ուսանողին ամբողջ վարձը միանգամից վճարել:
«Կրթության մասին» օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 6-րդ պարբերության համաձայն «Վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների` ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին, որով կսահմանվի ամսական վճարի նվազագույն չափը:»
Նման իրավակարգավորումների առկայությամբ պայմանավորված ուսանողը ինքն է որոշում, թե ինչպես ու ինչ կարգով վճարի, հետևաբար իրավունք ունի ամսական վճարումներ կատարել, այլ ոչ թե միանգամից:
Հատկանշական է, որ ապօրինությունները իրականացվում են հենց այն ժամանակ, երբ կորոնավիրուսի պատճառով աշխարհում, այդ թվում`Հայաստանում, տնտեսական ճգնաժամ է և շատերը մեծ դժվարությամբ են հոգում տարրական կարիքները:
Իսկ կրթության նախարությունը շարունակում է հանցավոր անգործության մատնված մնալ:
Ցտեսություն»։