ԱԽ-ն արձագանքել է Միքայել Մինասյանի կողմից արված ֆեյսբուքյան գրառմանը
ՔաղաքականԱնվտանգության խորհրդի գրասենյակը հայտնում է.
Սույն թվականի դեկտեմբերի 26-ին Սերժ Սարգսյանի փեսա, ինչպես նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի կողմից ս.թ. սեպտեմբերի 1-ին ուղղված իբր «գաղտնի» գրության պատճենը: Չմանրամասնելով Մ. Մինասյանի կողմից այդ գրության հետքերով արված անհեթեթ և իրականությունից կտրված մեկնաբանությունները, որոնք նպատակ են հետապնդում ապակողմնորոշելու հայ հանրությանը՝ հերթական վարժանքների պլանը ներկայացնելով իբրև սեպտեմբերի 27-ին սկիզբ առած պատերազմական գործողությունների նախազգուշացում, հարկ ենք համարում հայտնել հետևյալը:
Ցավալի է, որ տարբերություն չի դրվում «գաղտնի» և «ծառայողական օգտագործման համար» նշագրերի միջև: Հարկ է նշել, որ եթե փաստաթուղթը ծառայողական օգտագործման համար է, ապա դրա բովանդակությունը գաղտնի չէ, ուղղակի նախատեսված է բուն նշանակությամբ օգտագործման, այլ ոչ թե հրապարակման համար, մինչդեռ փորձ է արվում այդ գրությունը ներկայացնել իբրև գաղտնինամակ, որըթաքցվելէհայհանրությունից:
Անդրադառնալով նշյալ գրության բովանդակությանը՝ նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ս. Զասի գրությունը վերաբերում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող հերթական շտաբային վարժանքների կազմակերպման և անցկացման հարցերին: Հատկանշական է, որ նման շտաբային վարժանքները և զորավարժությունները կրում են մշտական բնույթ և նախատեսվում են ՀԱՊԿ ամենամյա պլաններով: Հարկ է նաև նշել, որ հրապարակված գրությունում նշված նույնաբովանդակ զորավարժություններ են տեղի ունեցել նաև նախկինում, որտեղ մտահղացումները կազմվել են նույն սցենարով: Բացի դրանից պրն. Մինասյանը սուտ պնդումներ է անում, թե իբր նամակով ՀԱՊԿ-ին դիմելու առաջարկ է եղել։
Անվտանգության խորհրդի գրասենյակի կողմից նշյալ գրության հիման վրա իրականացվել են համապատասխան աշխատանքներ՝ շտաբային վարժանքին ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու ուղղությամբ: Հարկ է հավելել, որ ըստ կարգի ԱԽ գրասենյակը Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությանը ներգրավել է վերոնշյալ թեմայով շտաբային վարժանքներում, որը կայացել է հեռավար եղանակով՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Շտաբային վարժանքի արդյունքներով ՀԱՊԿ պաշտոնական կայքում տեղադրվել է միջոցառման մասին պատմող նյութ, որին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://odkb-csto.org/news/news_odkb/v-tsentre-krizisnogo-reagirovaniya-odkb-sostoyalas-strategicheskaya-komandno-shtabnaya-trenirovka-na/: