Սամվել Բալասանյանը բոլորի հետ կա, Թալեաթն էլ գա՝ նրա կողքին կլինի․ Վարդան Ղուկասյան
ՔաղաքականԵս քաղաքականությունից այնքա՜ն զզված եմ, որ ինչքան քաղաքականութունից ու լրագրողներից հեռու, այնքան Աստծուն մոտ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով մամուլում տարածված տեղեկություններին, որ թեև որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու ՔՊ-ն բանակցում է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ, սակայն Ռոբերտ Քոչարյանը մտադիր է առաջ մղել Վարդան Ղուկասյանին։
Հարցին՝ հավակնություններ ունի՞ դառնալ Գյումրու քաղաքապետ, Ղուկասյանը պատասխանեց․ «Ես ընդհանրապես ոչ մի բանի հավակնություն չունեմ։ Զզվել եմ քաղաքական, ներքաղաքական վիճակներից, լրատվական կառույցներից, ամեն ինչից հիասթափված մարդ եմ ես այս պահին։ Ես այդ հարցով ոչ զբաղվել եմ, ոչ մտածում եմ, ոչ էլ քննարկել եմ։ Երբ իմ բերանից բան կլսեք կզանգեք կիմանաք։ Քոչարյանին հարգում եմ, բայց այդ հարցի շուրջ քննարկում, հանդիպում չեմ ունեցել, չեմ դրել, չեմ վերցրել»,- նշեց նա։
Եթե այնպես ստացվի, որ առաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու՝ պատրա՞ստ է աշխատել այս իշխանութունների հետ՝ հարցին ի պատասխան Ղուկասյանը բացասական պատասխան տվեց․ «Միանշանակ ոչ։ Ես հիասթափված եմ՝ ո՞ւմ հետ ո՞ւր գնալ, ի՞նչ անել, ո՞նց անել, երբ հերոսը վարկաբեկվում է, պրոֆեսորը՝ քարկոծվում, գիտնականը՝ դառնում ավազակ։ Այս հասարակությունից այս պահին իմ մտածելակերպով հեռու պետք է մնալ»։
Դիտարկմանը, թե նշվում է, որ այս իշխանությունները որպես Գյումրիի քաղաքապետ տեսնում են Սամվել Բալասանյանին՝ Ղուկասյանը կոշտ արձագանքեց․ «Սամվել Բալասանյանը բոլորի հետ էլ կա, Թալեաթն էլ գա՝ նրա կողքին կլինի, նրան ո՞վ չի ճանաչում։ Ինքը իր ես-ը չունեցող, քաղաքի շահը չպաշտպանող անձնավորություն է, ինքը երբեք լեգիտիմ քաղաքապետ չի եղել։ Էդ մարդու անունը չեմ էլ ուզում լսեմ, Աստված հեռու պահի»,- ասաց Գյումրիի նախկին քաղաքապետը։
Նշենք, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները սպասում են Գյումրիում և Վանաձորում կայանալիք ընտրություններին, որտեղ իրենց ուժերը փորձելուց հետո կհասկանան՝ գնա՞լ արտահերթ ընտրությունների, թե՞ ոչ։
Սոնա Հարությունյան