«Իրավիճակը երեկ շատ թեժ էր, մի քանի արկեր են ընկել քաղաքի բնակելի տների վրա, փողոցներում վառվել են մեքենաներ». ինչ իրավիճակ է Դոնեցկում
ԱշխարհԻրավիճակը երեկ շատ թեժ էր, լսում էինք արկերի պայթյունների ձայները, վնասվել է «Восточный микрорайон»-ի հատվածը, մի քանի արկեր են ընկել նաև քաղաքի բնակելի տների վրա, փողոցներում վառվել են մեքենաներ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Ուկրաինիայի Դոնեցկի մարզի հայ համայնքի ղեկավար Վահագն Մաթևոսյանը՝ հավելելով, որ այս գիշեր համեմատաբար, հանգիստ է եղել:
Նա ընդգծեց, որ առավոտյան նույնպես հանգիստ է, մոտավորապես, 2 արկերի պայթյունի ձայներ են լսել:
Վահագն Մաթևոսյանը նշեց՝ երկրում բարդ է անվտանգ տեղ փնտրելը. «Կան, համեմատաբար, ավելի անվտանգ վայրեր, կան նաև այնպիսիք, որտեղ վիճակը շարունակում է թեժ մնալ»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինս ասաց, որ այն հատվածներում, որտեղ մարտերը շատ ավելի թեժ են, այդ վայրերում ավելի շատ է մարդկանց խուճապը. «Նրանք վախենում են իրենց կյանքի համար: Ցանկացած մեկը կուզեր լքել երկիրը, եթե հնարավոր լիներ: Հետաքրքիրն այն է, որ հայ համայնքը առավել շատ ցանկանում է վերադառնալ Հայաստան, քան Եվրոպա»,- նշեց նա:
Զվարթ Պետրոսյան