Մալայզիայի ամենահարուստ մարդու միակ որդին հրաժարվել է 5 միլիարդ դոլար արժողությամբ կայսրությունից՝ վանական դառնալու համար
Վեն Աջահն Սիրիպանյոն (Ven Ajahn Siripanyo)՝ մալազիացի միլիարդատեր Անանդա Կրիշնանի միակ որդին, հրաժարվել է 5 միլիարդ դոլար արժողությամբ կայսրություն ունենալու իր հավակնությունից՝ վանական կյանքով ապրելու համար: Անանդա Կրիշնանը՝ Մալայզիայի ամենահարուստ անհատներից մեկը, ունի բիզնես կայսրություն, որը ներառում է հեռահաղորդակցություն, արբանյակներ, նավթ, անշարժ գույք և լրատվամիջոցներ:
Աջահն Սիրիպանյոն 18 տարեկանում իր կյանքը փոխելու որոշում է կայացրել՝ դառնալով բուդդիստ վանական: Այս որոշումը, չնայած ոչ սովորական լինելուն, համընկնում է նրա հոր բուդդայական համոզմունքների հետ: «Աջահն Սիրիպանյոյի ընտրությունը լիովին իրենն է, և այն հարգված է ընտանիքում», - ասվում է South China Morning Post-ի հոդվածում:
Տղայի հոգևոր ճանապարհորդությունն սկսվել է որպես ժամանակավոր մեկուսացում Թաիլանդում, որը հետագայում դարձավ ողջ կյանքի պարտավորություն:
Ավելի քան երկու տասնամյակ Վեն Աջահն Սիրիպանյոն ապրել է որպես վանական՝ Թաիլանդ-Մյանմար սահմանի մոտ գտնվող Դթաո Դում վանքում: Հրաժարվելով նյութապաշտությունից՝ նա հետևում է բուդդայական սկզբունքներին՝ վարելով պարզ ապրելակերպ և ապրուստի համար ապավինելով ուրիշների առատաձեռնությանը:
Չնայած իր վանական կյանքին, Սիրիպանյոն, ժամանակ առ ժամանակ, այցելում է հորը և կարճ ժամանակով վերադառնում իր հին աշխարհը: Այնուամենայնիվ, նման այցելությունները համապատասխանում են բուդդայական սկզբունքներին, որոնք ընդգծում են ընտանեկան կապերը:
Մեծանալով Լոնդոնում իր երկու քույրերի կողքին՝ Սիրիպանյոն կրթությունն ավարտել է Մեծ Բրիտանիայում և վարժ տիրապետում է առնվազն ութ լեզվի: Այս մշակութային բացահայտումը ձևավորել է նրա աշխարհայացքը և խորացրել բուդդայական ուսմունքների ըմբռնումը: