Մեծ անարդարություն է կատարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ. Արմեն Գեւորգյանը` ԵԽ գլխավոր քարտուղարին
ԲլոգոսֆերաԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչն այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հանդիպում է ունեցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության որոշ անդամների հետ: Այս մասին հայտնումմ են ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովից:
Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը, ով հանդես է եկել հայտարարությամբ:
Ստորև ներկայացնում ենք Արմեն Գևորգյանի խոսքն ամբողջությամբ:
« Տիկին գլխավոր քարտուղար,
Բարի գալուստ Հայաստան։
Շատ ցավալի է, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ առանձին հանդիպում չունեք: Վատ ավանդույթ է ձևավորվում, երբ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները խուսափում են Հայաստանի հիմնական քաղաքական ընդդիմության հետ ուղիղ երկխոսությունից և շփումից: Այնուամենայնիվ կցանկանայի ձեր ուշադրությունը կենտրոնացնել մի շարք կարևոր հարցերի վրա։
Հայաստանում հասարակական-քաղաքական կյանքը հասել է իր եռման կետին, քանի որ մեծ անարդարություն է կատարվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Կարծում եմ՝ հայ պաշտոնյաների հետ ձեր հանդիպումների ընթացքում հաճախ եք լսել տարածաշրջանում «խաղաղության օրակարգի» մասին։ Կրկնեմ, որ Հայաստանում ոչ ոք նոր պատերազմ չի ցանկանում: Բայց ավելի շատ են մարդիկ, ովքեր չեն ընդունում, որ երեսուն տարվա ազատ ու անկախ պետականաշինությունից հետո Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարող է ապրել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը նույնպես դեմ է դրան։
Մենք մեծապես մտահոգված ենք, օրինակ, նրանով, որ, ի տարբերություն Եվրախորհրդարանի, տեսնում ենք Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելու ձգտումը՝ փորձելով «ավելի քիչ զայրացնել» Ադրբեջանին և Թուրքիային նրանց քաղաքականությանը վերաբերող քննադատական բանաձևերով և գնահատականներով։ Ի դեպ, այս համատեքստում կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ, խուսափելով ընդդիմության հետ ուղիղ երկխոսությունից և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում՝ դուք, ըստ էության, անուղղակի հավասարության ևս մեկ նշան եք դնում այս երկու երկրների միջև՝ իրենց ժողովրդավարության հավատարմությունների առումով։
Հայ հանրությունը մինչ օրս Ադրբեջանի կողմից 2020 թվականին հայերի դեմ հրահրված անհիմն և անարդարացի պատերազմ սկսելու վերաբերյալ որևէ համապատասխան բանաձև չի տեսել: Եվրոպայի խորհդին չի հաջողվել պատժամիջոցներ ընդունել 2021 թվականի մայիսից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո։ Ադրբեջանը շարունակում է անտեսել բոլոր ռազմագերիներին և մյուս կալանավորներին ազատելու միջազգային հանրության կոչերը և շարունակում է իր ռասիստական և այլատյաց քաղաքականությունն ու քարոզչությունը հայերի դեմ։ Կարծում եմ, որ դա կհաստատվի նաև Արդարադատության միջազգային դատարանում ներկայումս ընթացող համապատասխան վարույթներով։
Սրանք բոլորը հիմնական մտահոգիչ կետեր են, որոնք, ըստ էության, հարցականի տակ են դնում, թե արդյո՞ք մենք ընդհանրապես կարող ենք պայմանավորվածություն ձեռք բերել Ադրբեջանի հետ որևէ բանի շուրջ:
Կարող եք հարցնել՝ իսկ ի՞նչ կարող է անել Եվրոպայի խորհուրդը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրն արդարացի լուծելու համար։ Համոզված եմ, որ առաջին հերթին մեր կազմակերպությունը պետք է սկսի իրավիճակի օբյեկտիվ գնահատականներից, ինչը, կարծում եմ, լավ զսպող միջոց կլինի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների դեմ, բայց նաև կպաշտպանի Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ժողովրդավարական կառավարման որակը։ Դա նաև կնպաստի տարածաշրջանում խաղաղության համար ապագա ցանկացած երկխոսությանը:
Մեր կազմակերպությունը պետք է արդար և հետևողական լինի մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների և առաջին հերթին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության հարցում։
Տիկին Գլխավոր քարտուղար,
Միևնույն ժամանակ մենք խորապես մտահոգված ենք, որ Եվրոպայի խորհուրդն անտեսում է մեր երկրում ժողովրդավարության նորմերից և ավանդույթներից ակնհայտ շեղումները։ Խոսքի և լրատվամիջոցների ազատության սահմանափակումները, դատական և քննչական մարմինների աճող կախվածությունը գործադիր իշխանությունից, ընդդիմադիր գործիչների նկատմամբ ապօրինի հալածանքները դարձել են Հայաստանում այսպես կոչված ժողովրդավարական ավանդույթների «նոր նորմա»։ Նույնիսկ միջազգային կազմակերպությունները չէին կարող անտեսել վերջին մի քանի ամիսներին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վիճելի որակը ։
Անցած երկու ամիսների ընթացքում նման անընդունելի երևույթների այս երկար ցանկը համալրվել է քաղաքացիների բողոքի խաղաղ ակցիաների իրավունքի ոտնահարումներով, ինչպես նաև ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից դաժան և անհամաչափ ուժի կիրառմամբ։ Հունիսի 3-ին ոստիկանությունը խլացուցիչ նռնակներով ցրեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը՝ առանց պատշաճ նախազգուշացման և անհրաժեշտության, որի արդյունքում բազմաթիվ ոստիկաններ և ցուցարարներ ծանր վիրավորվեցին և տեղափոխվեցին հիվանդանոցներ։
Ներկայումս շուրջ 31 ընդդիմադիր գործիչ ձերբակալված է տարբեր ապօրինի հիմքերով և ակնհայտ քաղաքական դրդապատճառներով:
Ուզում եմ հիշեցնել բոլոր ներկաներին, որ Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում ընդունվել է իրական ժողովրդավարության մասին բանաձև, որը մեջբերելով՝ կրկնում եմ, որ «ժողովրդավարությունը մեծամասնության դիկտատուրան չէ»։
Եզրափակելով՝ հավելեմ, որ մենք մտադիր չենք Եվրոպայի Խորհուրդը դարձնել գլադիատորական մենամարտերի տարածք ո՛չ Հայաստանի իշխանությունների, ո՛չ էլ՝ Ադրբեջանի դեմ։ Բայց մտադիր էլ չենք համակերպվելու այն փաստերի հետ, որ մեր կազմակերպությունը վերածվում է 44-օրյա պատերազմի հետևանքների օրինականացման հարթակի, հարթակ, որը հստակորեն առաջ է մղում Թուրքիայի և Ադրբեջանի գլխավորած թյուրքական կոալիցիայի շահերը՝ ի հաշիվ հայ ժողովրդի, կամ էլ մեր երկրում հակաժողովրդավարական գործընթացները լուռ դիտարկող կազմակերպության։