Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա 100 տարում բարեկամություն չեն անի․ Մեդվեդև
ԱշխարհԱռաջիկա 100 տարում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բարեկամություն չի լինի, իսկ ուղղակի ռազմական հակամարտությունը կհանգեցնի միջուկային պատերազմի: Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններին նման գնահատական է տվել ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
«Առաջիկա 100 տարում մեզ բարեկամություն չի սպասվում»,- ընդգծել է նա։
Մեդվեդևը հավելել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղղակի զինված հակամարտությունը չափազանց «թանկ» կլինի Մոսկվայի համար։ Բացի այդ, իրադարձությունների նման զարգացումն ակնհայտորեն կհանգեցնի «համաշխարհային միջուկային պատերազմի», - նշել է նա։
Մինչ այս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Ռուսաստանի հետ կապերը վերականգնելու առաջին քայլը պետք է անի ԱՄՆ-ը։
Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի իշխանությունները պատրաստ են կոնսուլտացիաների ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով։ Լավրովը հույս է հայտնել, որ Թրամփի վարչակազմը, այդ թվում՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ապագա հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, կխորանա հակամարտության բուն պատճառների մեջ։