Ալիևը դեմ է արտահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին Ֆրանսիայի մասնակցությանը
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանական կողմի հասցեին մեղադրանքներից հետո դեմ է արտահայտվել Ֆրանսիայի մասնակցությանը Բաքվի և Երևանի միջև խաղաղ գործընթացին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ֆրանսիայի նախագահ Մակրոնն իր հարցազրույցում քննադատել է Ադրբեջանին և մեղադրել մեզ այն բանի համար, ինչ մենք չենք արել»,- հայտարարել է Ալիևը «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և տնտեսություն» միջազգային համաժողովում։
Նա հայտարարել է, որ դրանից հետո Ֆրանսիայի Սենատ է ներկայացվել իր համար «բացարձակապես անընդունելի և վիրավորական» բանաձև, որով խորհրդարանականները կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
Նրա խոսքով, դրան հաջորդել է Ֆրանսիայի Ազգային ժողովի «հերթական հակաադրբեջանական բանաձևը» և Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի միջոցով «հարձակման փորձերը», ինչի համար օգտագործվել է մարդասիրական կազմակերպություն։ Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն ունի Հայաստանի հետ տանդեմում Ֆրանսիայի կողմից գրված նախնական տեքստ, որը լի է մեղադրանքներով։
«Հաշվի առնելով այս ամենը, պարզ է, որ Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղ գործընթացին»,- ամփոփել է Ալիևը` ընդգծելով, որ «ոչ ԱՄՆ-ն, ոչ Ռուսաստանը երբևէ պաշտոնապես կողմ չեն բռնել»:
Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, և Բաքուն մտադիր է «այլընտրանքներ դիտարկել»։
Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի բանաձև, որով խորհրդարանականները կոչ են անում երկրի իշխանություններին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Միևնույն ժամանակ, նման փաստաթղթերը խորհրդատվական բնույթ ունեն: Գործադիր իշխանությունը կարող է ի գիտություն ընդունել դրանք, թեև պարտավոր չէ կատարել: