Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավին
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես մտադիր եմ օրենքով չարգելված ձեւերով մասնակցել Երեւանի ավագանու քարոզարշավին: Մենք կհանդիպենք, կխոսենք «Իմ քայլը» դաշինքի, մեր թեկնածու Հայկ Մարությանի մասին, եւ կարծում եմ՝ շատ հետաքրքիր քարոզարշավ եւ ընտրություններ են սպասվում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս ընտրություններին երեւանցիները կարող են ամրագրել իրենց իրականացրած հեղափոխության արդյունքները:
«Դուք հնարավորություն եք ունենալու ձեր իրականացրած հեղափոխության արդյունքն ամրագրել ավագանու ընտրություններով, եւ հույս ունեմ, որ ձեր իրավունքից կօգտվեք»,- նշեց վարչապետը:
Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները նախանշված են սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կտեւի մինչեւ 21-ը: Ավագանու ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն եւ 4 դաշինք:


















































Ամենադիտված
Իշխանությունը կասկածում է Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Ակային. «Հրապարակ»