Աֆղանցի հայրը 2000 դոլարով վաճառել է դստերը՝ ընտանիքը պահելու համար
ԱյլԱֆղանստանից Աբդուլ Մալիքը վաճառել է իր իննամյա դստերը որպես հարսնացու, հայտնում է LADBible-ը։ Տղամարդը դա արել է, որպեսզի կերակրի իր ընտանիքին։
Չորս տարի շարունակ Մալիքի ընտանիքն ապրել է աֆղան փախստականների ճամբարում եւ օրական մոտ 3 դոլար է ստացել սննդի համար։ Երբ երկրում իշխանությունը փոխվեց, Աբդուլն ու նրա կինը զրկվեցին նյութական օգնությունից, ուստի տղամարդը որոշեց գնալ հուսահատ քայլի, հայտնում է «Գազետա»-ն։
Նա վաճառել է իր իննամյա դստերը՝ Փարվանային Քորբան անունով 55-ամյա տղամարդուն։ Հիմա աղջիկը նրա հարսնացուն է։ Գործարքի գումարը 2000 դոլար էր, բացի այդ, Աբդուլը հող ու ոչխարի հոտ է ստացել։ Հայրը գոհ չէ վաճառքից, սակայն բացատրել է, որ այլ ելք չուներ։
«Ընտանիքում ութ մարդ կա։ Ես ստիպված էի վաճառել [դստերը]՝ մյուսների կյանքը պահպանելու համար: Եթե ֆինանսական վիճակը չբարելավվի, ես ստիպված կլինեմ վաճառել նաեւ երկու տարեկան աղջկաս»,- ասել է Մալիքը:
Աբդուլը հույս ունի, որ նոր ընտանիքում սիրով կվերաբերվեն Փարվանային եւ կօգնեն նրան պայծառ ապագա կառուցել:
«Փարվանան կաշխատի իմ տանը, ես նրան չեմ ծեծի, ես բարի կլինեմ նրա հետ»,- վստահեցրել է Քորբանը։