ՆԱՏՕ-ն ծրագրում է ուժեղացնել պաշտպանությունը քիմիական և միջուկային սպառնալիքներից
ԱշխարհՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը և դաշնակիցները ուժեղացրել են պաշտպանությունը պոտենցիալ քիմիական, կենսաբանական և միջուկային սպառնալիքներից՝ կապված Ուկրաինայի իրավիճակի հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ դաշնակիցները լրացուցիչ պաշտպանական տարրեր են տեղակայում՝ «նոր ու գոյություն ունեցող մարտական խմբերը» ամրապնդելու համար։ Ստոլտենբերգը հավելել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ և Եվրոպայում ՆԱՏՕ-ի դաշնակից ուժերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերսը ակտիվացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային պաշտպանության տարրերը։
Ավելի վաղ Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը մեղադրել էր ԱՄՆ իշխանություններին քիմիական զենքի ոչնչացումը միտումնավոր ձգձգելու մեջ։ Դիվանագիտական ներկայացուցչությունը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը քիմիական զենքի իր պաշարները ոչնչացրել է դեռևս 2017 թվականին, և դա արձանագրել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։