Զելենսկին ՆԱՏՕ-ից ռազմական օգնություն է խնդրել՝ առանց սահմանափակումների
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ Կիևին ռազմական օգնություն է հարկավոր՝ առանց սահմանափակումների:
«Ուկրաինան չունի հզոր հակահրթիռային զենք, մենք զգալիորեն ավելի քիչ ավիացիա ունենք, քան Ռուսաստանը: Ուկրաինան դիմել է ձեզ ինքնաթիռների համար, որպեսզի այդքան մարդ չկորցնենք։ Դուք ունեք հազարավոր մարտական ինքնաթիռներ: Բայց մեզ ոչինչ չտվեցիք: Մենք դիմեցինք տանկերի համար, որպեսզի կարողանանք ապաշրջափակել մեր քաղաքները: Դուք ունեք առնվազն 20 հազար տանկ: Ուկրաինան խնդրել է ձեր տանկերի մեկ տոկոսը մեզ տալ կամ վաճառել, բայց պատասխան չկա»,- ասել է Զելենսկին:
Նա խնդրել է ՆԱՏՕ-ին այլևս երբեք չասել, որ Ուկրաինայի զինված ուժերը չեն համապատասխանում դաշինքի չափանիշներին։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան սպասում է իրական գործողությունների և անվտանգության երաշխիքների։
Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր դաշնակիցներին՝ արդեն իսկ ցուցաբերված ռազմական օգնության համար, սակայն Զելենսկու խոսքով՝ այն բավարար չէ Ռուսաստանի առաջխաղացումը կանխելու համար: