Բայդենն ասել է, որ չի սպառնացել Սի Ծինփինին
ԱշխարհԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի սպառնացել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, սակայն «հստակ բացատրել է» Ռուսաստանին աջակցելու հետևանքները՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Իմ կարծիքով, Չինաստանը հասկանում է, որ իր տնտեսական ապագան շատ ավելի կապված է Արևմուտքի, քան Ռուսաստանի հետ։ Ուստի հուսով եմ, որ նա չի միջամտի»,- ասել է Բայդենը։
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ցանկանում է Չինաստանից լսել Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քայլերի դատապարտման խոսքեր։
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին «օբյեկտիվ և արդարացի» է անվանել Չինաստանի դիրքորոշումն Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Սի Ծինփինը Բայդենի հետ զրույցում ընդգծել է, որ իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է հրաժարվել «սառը պատերազմի» մտածելակերպից։ Կարևոր է նաև, որ հակամարտության բոլոր կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ հետագա զոհերից խուսափելու համար։
ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները մարտի 18-ին առցանց հանդիպում են անցկացրել։ Զրույցը տեւել է երկու ժամ։ Ամերիկայի նախագահը ՉԺՀ-ի նախագահի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Չինաստանի հետ՝ Ուկրաինայում իրավիճակի սրումը կանխելու համար։ Նա իր հերթին ասել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երկխոսությունը պետք է աջակցվի բոլոր կողմերի կողմից։