Ուկրաինայի արտգործնախարարը հերքել է Էրդողանին
Աշխարհ«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նշած չորս կետերի շուրջ Ռուսաստանի հետ կոնսենսուս չկա»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում միակ պետական լեզուն ուկրաիներենն է և այդպես էլ կլինի։ Կուլեբան շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին և նախագահ Էրդողանին` քաղաքական ու հումանիտար օգնության, ինչպես նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու դիվանագիտական ջանքերի համար։
Միաժամանակ, ըստ Կուլեբայի, սխալ է բանակցությունների առանցքային թեմաների դասակարգումը չորս կամ մի քանի կետերի։
«Պատվիրակությունների ենթախմբերում միաժամանակ շատ տարբեր հարցեր են քննարկվում։ Բանակցային գործընթացը շատ ծանր է ընթանում: Ուկրաինայի պատվիրակությունը չի հրաժարվում իր պահանջներից: Մենք պնդում ենք, առաջին հերթին, հրադադարի, Ուկրաինայի անվտանգության և տարածքային ամբողջականության երաշխիքների մասին»,- ասել է Կուլեբան։
Նա հավելել է, որ Ուկրաինան կշարունակի երկխոսությունը Թուրքիայի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ ուկրաինական հողում խաղաղությունը վերականգնելու համար։
«Մենք հուսով ենք, որ Թուրքիան՝ որպես Ուկրաինայի բարեկամ և ռազմավարական գործընկեր, նույնպես կշարունակի աջակցել բոլոր ուղղություններով։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը և Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդումը ոչ պակաս կարևոր գործոններ են ռուսական ռազմական մեքենան կանգնեցնելու և բանակցություններում ցանկալի առաջընթացի հասնելու համար»,- ընդգծել է Կուլեբան։