ՌԴ ԱԳՆ-ն ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ
ԱշխարհՌուսական խաղաղապահ զորախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեէսկալացնելու համար։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ շաբաթ օրը տարածած հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գծով, երկու կողմերի հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի համար»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։
Ռուսաստանը ծայրահեղ անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ, ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
«Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ամենաբարձր մակարդակով ապահովել գործող եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումը», - ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։