Ընդդիմությունը պետական հեղաշրջման փորձ է անում․ Վրաստանի իշխանություններն անհանգստացած են
ՎրաստանՎրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն, մեկնաբանելով կառավարության հրաժարականի պահանջով վերջին բողոքի ակցիան, ընդդիմությանը և նրա կողմնակիցներին մեղադրել է պետական հեղաշրջման փորձի և իշխանությունը զավթելու մեջ։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ընդդիմադիր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց համակիրները երեկ Թբիլիսիի կենտրոնում կառավարության հրաժարականի պահանջով ցույց են անցկացրել, նրանցից ոմանք գիշերել են կառավարության շենքի դիմաց։ Հանրահավաքի մասնակիցները կարծում են, որ նոր կառավարությունը կկարողանա համապատասխան բարեփոխումներ իրականացնել՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ «Վրացական երազանքի» իշխող թիմին դա չի հաջողվում։
Մայիսի վերջին Կոբախիձեն պնդում էր, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» ծրագրում է հունիսի վերջին պետական հեղաշրջում իրականացնել, եթե Վրաստանը չստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ավելի վաղ հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային միությանը միանալու թեկնածուների կարգավիճակ տրամադրելուն։ Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով՝ ԵՄ խորհուրդը որոշել է ճանաչել Վրաստանի եվրոպական հեռանկարը և պատրաստ է նրան կարգավիճակ տալ, հենց որ իրականացվեն սահմանված առաջնահերթությունները։ Վերջերս իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարեց, որ նախատեսում է ստեղծել աշխատանքային խմբեր՝ ԵՄ 12 պայմանները կատարելու՝ ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։