«Օպել Աստրա»-ի մեջ հայտնաբերվել է գազային ատրճանակ, որսորդական հրացանի 2 փամփուշտ, ծալովի դանակ
ԻրավունքԴեկտեմբերի 22-ին իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հայտնաբերել են զենք-զինամթերք: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից։
Շահումյան փողոցում նրանք կանգնեցրել են 31-ամյա մի տղամարդու վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:
Իրավապահների պահանջով՝ նա բացել է մեքենայի բեռնախցիկը, որտեղ տեսանելի վայրում՝ թափանցիկ պոլիէթիլենային տոպրակի մեջ, նկատվել է ինքնաձիգի փամփուշտ: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Բաժին է հրավիրվել մեքենայի 35-ամյա սեփականատերը:
Նա հայտնել է, որ բացի հայտնաբերված 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտից, մեքենայի սրահում կա նաև գազային ատրճանակ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 2 փամփուշտ, ծալովի դանակ, ատրճանակի գազաբալոն՝ 1 տուփ գնդակով: Հայտնաբերված զենք-զինամթերքը ներկայացվել է ոստիկանության Մարտունու բաժին: Կազմված փաստաթղթերը և զենք-զինամթերքը ուղարկվել են Մարտունու քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: