Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ուկրաինային աջակցելու համար
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է պետության ղեկավարի պաշտոնական կայքը։
«Պարոն նախագահ, Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը, ամրապնդելով իր դիրքերը ինչպես հարավկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ միջազգային ասպարեզում, հասել է կարևոր հաջողությունների։ Համոզված եմ, որ դա կշարունակվի ապագայում։
Ես բարձր եմ գնահատում Ադրբեջանի շարունակական աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև օգնությունն Ուկրաինայի ժողովրդին Ռուսաստանի հետ պատերազմի ժամանակ։ Հուսով ենք, որ այս աջակցությունը կավելանա։
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք լիովին իրացնել երկկողմ հարաբերությունների առկա ներուժը և էլ ավելի ամրապնդել ուկրաինա-ադրբեջանական համագործակցությունը՝ հանուն սևծովյան-կասպյան տարածաշրջանի անվտանգության և կայունության։
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ ձեր հզոր և բարգավաճ պետության հետագա զարգացման գործում»,- ասված է շնորհավորական նամակում։