Լյուքսեմբուրգի հայ համայնքը ակցիա է իրականացրել ԵԽ-ի առաջ
ՀասարակությունԼյուքսեմբուրգի հայ համայնքը դեկտեմբերի 24-ին բողոքի ակցիա է անցկացրել Եվրախորհրդարանի շենքի առջև՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով: Այս մասին հայտնում է «Արցախպրեսսը»:
Բողոքի ակցիայի մասնակիցները իրենց բողոքն են ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին չարձագանքելու ու լռություն պահպանելու համար:
Լյուքսեմբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են, որ Սուրբ Ծննդյան մոտենալուն զուգընթաց ճանապարհի փակումը հանգեցրել է Լեռնային Ղարաբաղում սուպերմարկետների դատարկմանը և հիվանդանոցներում վիրահատությունների հետաձգմանը:
«Այս շրջափակման վերջնական նպատակը էթնիկ զտումն է, եւ դրա հետ չի կարելի համակերպվել: Մենք միջազգային հանրությունից պահանջում ենք կոնկրետ գործողություններ ձեռնարկել ադրբեջանական ագրեսիայի դեմ», - հայտարարել է Լյուքսեմբուրգի Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավար, իրավաբան Ֆրանսի Դերդերյանը, որը բողոքի ակցիա էր կազմակերպել:
Լյուքսեմբուրգում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը միացել է ցուցարարների կոչերին ՝ հայտարարելով, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը բոլոր հնարավոր երկկողմ, եռակողմ և բազմակողմ պարտավորությունների, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես ՝ Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է։