Մեդվեդևը կոչ է արել հետ չթողնել Ռուսաստանից հեռացած «դավաճաններին»
ԱշխարհՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է հետ չթողնել Ռուսաստանից հեռացածներին «մինչև իրենց օրերի վերջը» և կտրել նրանց եկամտի աղբյուրները։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Նա ընդգծել է, որ նրանք, ովքեր թողել են հայրենիքն ու գնացել արտերկիր, իսկ հիմա «անվերջ հայհոյանքներ են հղում իշխանությունների հասցեին», իրենց երկրին ցանկանում են «պատերազմում վաղ պարտություն» և երազում են Ռուսաստանի կործանման մասին։ Նրանք պետության թշնամին են։
«Դավաճանները, ովքեր այնքան են ատում իրենց երկիրը, որ կոչ են անում պարտության և կործանման, պետք է համարվեն թշնամիներ՝ անկախ նրանց արարքների իրավական որակումից»,- գրել է Մեդվեդեւը։
Չի կարելի նման մարդկանց վերադարձնել, նրանց պետք է «լիովին կտրել եկամտի աղբյուրներից» Ռուսաստանի Դաշնությունում, կարծում է քաղաքական գործիչը։ Նա ընդգծել է, որ նրանց վերադարձը Ռուսաստան կարող է տեղի ունենալ միայն նախնական հրապարակային զղջման դեպքում՝ համաներման կամ ներման միջոցով։
«Չնայած, որ լավ կլինի, որ չվերադառնան»,- հավելել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։