Սանկտ Պետերբուրգի դատարանը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել հայերի վրա հարձակված ադրբեջանցիներին. News.am
ԻրավունքՍանկտ Պետերբուրգի դատարանը հայերի վրա հարձակում գործած երկու ադրբեջանցիների դատապարտել է հինգ տարվա ազատազրկման՝ ուղղիչ գաղութում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողների շահերի ներկայացուցիչ, Սանկտ Պետերբուրգի իրավաբանների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ Զոհրաբ Գաբրիելյանը։
«Յուրաքանչյուրին 5 տարվա պատիժ։ Տուժողների նյութական պահանջները բավարարվել են։ Ընդ որում, ծեծի տեսագրությունը նկարահանած եւ տարածած Իբիշովը կվճարի երկու երրորդը»,- նշեց Զոհրաբ Գաբրիելյանը։
Ինչպես հաղորդվում է, հանցագործությունը տեղի է ունեցել 2020 թվականի հուլիսի 23-ի ուշ երեկոյան՝ Սանկտ Պետերբուրգում։ Ադրբեջանից եկածների խումբը հարձակվել է երկու հայերի վրա, ընդ որում՝ տեղի ունեցողը նկարահանվել է։
Ավելի վաղ տուժողների շահերի ներկայացուցիչ Զոհրաբ Գաբրիելյանը նշել էր գործի առանձնահատուկ նշանակությունը, քանի որ դրանով սկսվում է դատական պրակտիկայի ձեւավորում, նախկինում ՌԴ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով գործեր չէին հարուցվում։