ՌԴ և Իրանի ԱԳ նախարարները կհանդիպեն
ԱշխարհՌուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում ասել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունվարի 17-ին Մոսկվայում պետք է հանդիպի իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ։
Հաղորդվում է, որ կողմերը նախատեսում են քննարկել ՀԳՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) վերականգնման գործընթացը, ինչպես նաև շոշափել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցեր։
«Կքննարկվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ երկու երկրների փոխգործակցությունը միջազգային հարթակներում՝ ներառյալ ՄԱԿ-ում, ՇՀԿ-ում, իրավիճակը Սիրիայում, Աֆղանստանում, Անդրկովկասում և Կասպից ծովի վերաբերյալ»,- ասել է Զախարովան։
Դիվանագետը նշել է, որ այս պահին նախատեսվում է քննարկել երկկողմ օրակարգը, հատկապես դրա առևտրատնտեսական բաղադրիչը տարբեր ոլորտներում՝ էներգետիկ, տրանսպորտային և այլն՝ համատեղ նախագծերի իրականացման համատեքստում։