Շվեդիան չի անդամակցի ՆԱՏՕ-ին, քանի դեռ ահաբեկչության հետ կապված խնդիրը չի լուծվել․ Էրդողանի խոսնակ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայացուցիչ Իբրահիմ Կալընը հայտարարել է, որ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացն առաջ չի շարժվի, քանի դեռ չի լուծել երկրում ահաբեկչության խնդիրը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կրկին բացահայտ ասում ենք, որ հնարավոր չէ առաջ շարժվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում, քանի դեռ չի դադարեցվել ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը»,- ասել է նա։
Ավելի վաղ Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը հայտարարել էր, որ իր երկիրը կատարել է Թուրքիայի հետ համաձայնագրի բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու համար։
Բիլստրյոմն ասել էր, որ թագավորությունն ակնկալում է, որ Հունգարիան և Թուրքիան շուտով կսկսեն ՆԱՏՕ-ին իր անդամակցության վավերացման գործընթացը։ Նա նաև ընդգծել էր, որ այժմ այն պահն է, երբ «Շվեդիան և Ֆինլանդիան արել են այն, ինչ խոստացել էին անել Թուրքիայի հետ համաձայնագրով»։