Անսանձ թուրքերը կանցնեն գործի․ Էրդողանը սպառնացել է հույներին
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նպատակ չունի «Թայֆուն» բալիստիկ հրթիռով հարվածել Աթենքին, հաղորդում է Anadolu-ն:
Թուրքիան 2022 թվականի հոկտեմբերին Սեւ ծովի վրա փորձարկել է երկրում արտադրված փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը։ Այն անցել է 561 կիլոմետր եւ ընկել Սինոպ նավահանգստի ափի մոտ։ Էրդողանը հայտնել է, որ հրթիռի հեռահարությունը կհասնի 1000 կմ-ի։
«Այսօր Հունաստանում քննարկում են Աթենքի ուղղությամբ թուրքական «Թայֆուն» հրթիռների հարվածի հավանականությունը։ Մենք նման նպատակներ չունենք։ Գլխավորն այս հարցում այն է, որ հույները մտածված գործեն»,-հայտարարել է Էրդողանը։
«Մի՞թե Հունաստանում կարծում են, որ Թուրքիան անտեսելու է սպառազինության տեղակայումը կղզիներում, որոնք, համաձայն միջազգային պայմանավորվածությունների, «ապառազմականացված գոտիներ են»»,-ասել է նա։
Թուրքիայի նախագահը՝ հղում անելով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի արտահայտություններին Անկարայի հասցեին, կոչ է արել «սխալ քայլեր» չանել։
«Իմացե՛ք, եթե սխալ քայլ եք անում մեր երկրի նկատմամբ, ապա արձագանքը չի ուշանա։ Անսանձ թուրքերը կանցնեն գործի»,-սպառնացել է Էրդողանը։