Կանայք փակ են պահում Կիրանցի ճանապարհը. հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա. գյուղապետ
ՔաղաքականԿիրանցի գյուղապետ Կամո Շահինյանի խոսքով, առավոտյան ժամը 6-ի սահմաններում ոստիկանները մտել են գյուղ, ու մոտ 30 անձի` այդ թվում նաև անչափահասների, ծեծելով բերման ենթարկել:
Գյուղապետի խոսքով, տղամարդիկ բերման են ենթարկվել այն հատվածից, որտեղ հերթապահություն էին իրականացնում, որպեսզի թույլ չտան գյուղում ականզերծման աշխատանքներ իրականացնել:
Բերման ենթարկվածները Իջևանի ոստիկանության բաժնում են:
«Ես հիմա Իջևանում եմ, տղաներին տեսել եմ, բայց դեռ ոստիկանները պարզաբանում չեն տվել»,-ասաց գյուղապետը հավելելով, որ դեռ ոչ ոքի չեն դիմել, սպասում են ոստիկանության պատասխանին: Գյուղապետը նշեց, որ բերման ենթարկվածների մեջ կանայք չկան: Կանայք շարունակում են փակ պահել ճանապարհը, սակայն կասկածներ ունի, որ ոստիկանները բռնի ուժով այդ ճանապարհն էլ կբացեն:
«Գյուղում հազարից ավել ոստիկան ու սևբերետավոր կա, իրավիճակը շատ լարված է»,-հավելեց նա: