Շատ ընդդիմադիրներ ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան՝ Փաշինյանի հեռացման. պատգամավոր
Քաղաքական2018 թվականի ապրիլի 24-ից սկսած միայն «Հանրապետական» կուսակցությունն էր, որ պնդում էր՝ Նիկոլ Փաշինյանը աղետ է Հայաստանի համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Մենք չենք մրցում ընդդիմության մեջ առաջին տեղի համար, այդ մրցավազքը մեզ պարզապես չի հետաքրքրում։ Մենք չենք ուզում լինել Կենտրոն վարչական շրջանի չափ ՀՀ ամենասիրված քաղաքական ուժը։ Մենք պայքարում ենք, որ ունենանք պետականություն, պետականությունը լինի անսասան, անկախ, երկիրը՝ անվտանգ»,- շեշտեց Մամիջանյանը։
Մամիջանյանի պնդրմամաբ՝ կան որոշ ընդդիմադիրներ, որոնք ավելի շատ էներգիա են ծախսում ՀՀԿ-ին թիրախավորելու համար, քան՝ Փաշինյանի հեռացումն իրականացնելու համար: Իրենք (նկատի ունի ՀՀԿ-ն ,- խմբ․) դրան ներողամտաբար են վերաբերում․ «ՀՀԿ-ն հիշում է բոլորի «դուխով» նկարները, հիշում է բոլորի սելֆիները՝ Հանրապետության հրապարակից, բայց ընդհանուր գործի համար պատրաստ են դրան այս պահին ուշադրություն չդարձել»,- շեշտեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հրամայականի կատարման համար բազմաթիվ անհրաժեշտ պայմաններ կան, դրանցից մեկն էլ այն է, որ իրական ընդդիմադիր դերակատարները գիտակցում են իրավիճակի լրջությունը, իրապես ազնվորեն լծված են պայքարին։ Մամիջանյանը վստահ է՝ Փաշինյանը թքած ունի հանրապետության անվտանգության վրա, թե արդյո՞ք երկիրը կկանգնի կոլապսի առաջ, իսկ ՀՀԿ-ն իրեն նման ճոխություն չէր կարող թույլ տալ, այդ պատճառով էլ 2018 թվականին ԱԺ-ում չխոչընդոտեց Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն՝ առավել ևս, որ ԱԺ մյուս 3 խմբակյցությունները Փաշինյանից բացի այլ թեկնածու չէին առաջադրել։