Բելգրադի ազատագրման 80-ամյակին ոգեկոչել են նահատակված հայազգի սպաների հիշատակը
ՀասարակությունՀոկտեմբերի 20-ին Սերբիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը Բելգրադի ազատագրողներին նվիրված հուշահամալիրում մասնակցեց հանդիսավոր արարողությունը՝ նվիրված Բելգրադի ազատագրման 80-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը և մի շարք բարձրաստճան պաշտոնյաներ, Սերբիայում հավատարմագրված դեսպաններ և Բելգրադի բազմաթիվ բնակիչներ։ Հայտնում են դեսպանության մամուլի ծառայությունից։
Դեսպան Աշոտ Հովակիմյանը և դեսպանության խորհրդական, Բելգրադի գրասենյակի ղեկավար Հայկ Խեմչյանը ծաղկեպսակ զետեղեցին Բելգրադի ազատագրման ընթացքում զոհվածների հուշարձանին, իսկ այնուհետև՝ սերբական հայտնի քաղաքական գործիչ, մեր հայրենակից Արիս Մովսեսյանի ուղեկցությամբ՝ հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցին խորհրդային բանակի նահատակված հայազգի սպաներ՝ մայոր Մկրտիչ Լիլոյանի և կապիտան Հայրապետ Կարապետյանի գերեզմաններին։
Դեսպան Աշոտ Հովակիմյանը ներկա գտնվեց նաև Սերբիայի Ազգային թատրոնում տեղի ունեցած հանդիսավոր նիստին, որտեղ հիմնական ելույթով հանդես եկավ Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Անա Բռնաբիչը: