Գյումրիի քաղաքապետն ու ավագանու «Բալասանյան դաշինքի» 14 անդամները հրաժարական են ներկայացրել
ՔաղաքականԳյումրու ավագանու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները՝ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի գլխավորությամբ քիչ առաջ մանդատից հրաժարվելու վերաբերյալ արձանագրություն են ներկայացրել թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Այս մասին հայտնել է ԿԸՀ-ն:
«Ի պատասխան թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ուղղված ձեր բազմաթիվ հեռախոսազանգերի, տեղեկացնում ենք, որ Գյումրին ընդգրկող թիվ 31 ԸԸՀ-ն այսօր ստացել է ավագանու 14 անդամի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի, պարտականությունների վաղաժամ դադարեցման արձանագրություններ:
Թափուր մանդատների հարցին թիվ 31 ԸԸՀ-ն կանդրադառնա նոյեմբերի 1-ին 18:00-ին հրավիրված նիստին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր հրաժարական է տվել։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԼՈւՐԵՐ․com-ը հայտնել էր, որ Վարդգես Սամսոնյանը պատրաստվում է հրաժարական տալ։
Ըստ մեր տեղեկությունների՝ Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելու ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը։