«Ապրելու երկիրը» անելու է առավելագույնը գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար
ՀասարակությունԳյումրու ավագանու իշխող խմբակցության ավագանու անդամների, այդ թվում համայնքի ղեկավարի կողմից մանդատներից հրաժարումը Հայաստանում ՏԻՄ համակարգի նկատմամբ ՔՊ իշխանության հերթական ոտնձգության հետևանք է, որի նպատակը Գյումրիում իշխանության տիրացումն է, ինչին ականատես ենք եղել Հայաստանի մի շարք համայնքներում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը։
«Սեփական իշխանությանը մոտալուտ ավարտը գիտակցող կուսակցությունը և իր ղեկավարը վերջին ճիգերն են գործադրում համապետական ընտրություներից առաջ վարչական ռեսուրսների ավելացման ուղղությամբ։ Սակայն, ակնհայտ է, որ նման գործելաոճը միայն ամրապնդում է հասարակության հիասթափությունը «ժողովրդավարություն» և այլ արժեքներ քարոզող և այդ ամենը արագ ոտնահարող ուժի նկատմամբ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը անելու է առավելագույնը Գյումրիում գյումրեցիների կողմից ընտրված իշխանություն ձևավորելու համար՝ թույլ չտալով զոռբայական բարքերի հաստատումը երկրի երկրորդ քաղաքում»,- ասված է հայտարարության մեջ։