Հարավային Կորեայի խորհրդարանը իմպիչմենթի է ենթարկել նախագահին․ Yonhap
ԱշխարհՀարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Յուն Սեոկ Յոլին իմպիչմենթի օգտին, ով անցյալ շաբաթ երկրում ռազմական դրություն մտցնելու անհաջող փորձ է արել, փոխանցում է Yonhap-ը։
Նման միջոցառմանն աջակցել են երկրի միապալատ խորհրդարանի՝ Ազգային ժողովի 300 անդամներից 204-ը։ Դեմ է քվեարկել 85 պատգամավոր, եւս երեքը ձեռնպահ են մնացել, ութ ձայն էլ անվավեր է ճանաչվել։
Իմպիչմենթը պահանջում էր պատգամավորների առնվազն երկու երրորդի աջակցությունը: Այնուամենայնիվ, վեց ընդդիմադիր կուսակցությունները, որոնք սկսել են ընթացակարգը, ունեն ընդամենը 192 մանդատ, ուստի նրանց անհրաժեշտ էր ապահովել իշխող «Ժողովրդական ուժ» կուսակցության առնվազն ութ անդամների աջակցությունը: