Սիրիայի «նոր իշխանությունները» հայտարարել են՝ Սիրիան որպես ցատկահարթակ չի օգտագործվի
ԱշխարհՍիրիան Իսրայելի դեմ հարձակումների համար ցատկահարթակ չի դառնա։ Այս մասին The Times թերթին տված հարցազրույցում հայտարարել է Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան, որը հայտնի է «Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի» մականունով։
«Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման առաջնորդի կարծիքով՝ Իսրայելը պետք է լքի արևմտյան Սիրիայի այն տարածքները, որոնք վերահսկողության տակ էր վերցրել Դամասկոսի վրա ընդդիմադիր ուժերի հարձակման ժամանակ:
«Իսրայելը դա վերագրում է «Հեզբոլլահի» և իրանական աշխարհազորայինների ներկայությանը, սակայն դա այլևս տեղին չէ», - ասել է ալ-Շարաան:
«Մենք հավատարիմ ենք մնում 1974 թվականի ուժերի տարանջատման համաձայնագրին և պատրաստ ենք ՄԱԿ-ի դիտորդների վերադարձին: Մենք չենք ցանկանում հակամարտություն Իսրայելի կամ որևէ այլ երկրի հետ, և մենք թույլ չենք տա, որ Սիրիան օգտագործվի՝ որպես հարձակումների ցատկահարթակ:
Սիրիացիներին պետք է խաղաղություն, հարվածները պետք է դադարեցվեն, և Իսրայելը պետք է նահանջի դեպի իր՝ նախկինում գրաված դիրքերը»,-ասել է ալ-Շարաան: