Եթե հասցնենք՝ հինգշաբթի կառավարության նիստում կլինի ինձ Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը. Առուշանյան
ՔաղաքականԵս արդեն մանդատս վայր դնելու դիմում եմ ներկայացրել ԱԺ նախագահին, որը կարող է հաստատվել 7 օր հետո։ Եթե հասցնենք, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կառավարության նիստում կլինի ինձ Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը:
Հարցին, թե ինչից էր դժգոհ վարչապետ նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանից, նա պատասխանեց. «Պարոն Մուրադյանը դուրս է եկել իր դիմումի համաձայն: Վարչապետը կառավարության նիստում ասաց, որ Մուրադյանը դուրս է գալիս իր դիմումի համաձայն՝ հետագա հեռանկարով: Թե ինչից էր դժգոհ, ինչ խնդիրներ կային, չեմ կարող ասել»:
Նա ընդգծեց, որ որոշիչ դարձավ պարոն Մուրադյանի դիմումը. «Եթե նա դիմում չգրեր, որեւէ բան չէր որոշվելու: Բայց դիմումը գրելուց հետո դա դարձավ ինձ առաջադրելու պատճառ: Երեւի թե Գյումրիում նախնական ընտրությունները դարձան պատճառ»,-ասաց Առուշանյանը: