Լավրովը Հորդանանի ԱԳՆ ղեկավարի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը
ԱշխարհՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հորդանանի ԱԳ նախարար Այման աս-Սաֆադին հեռախոսով քննարկել են իրավիճակը Սիրիայում։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հորդանանյան կողմի նախաձեռնությամբ։ Արտգործնախարար Այման աս-Սաֆադին ՌԴ գործընկերոջը տեղեկացրել է Արաբական պետությունների լիգայի գործունեության մասին, Ամմանում վերջին նախարարների հանդիպումներից հետո՝ կապված Սիրիայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Հորդանանի ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել արաբական աշխարհի պետությունների և Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումների սերտությունը, որը հանդես է գալիս Սիրիայում իրավիճակի շուտափույթ կարգավորման, առանց բացառության բոլոր սիրիացիների օրինական իրավունքների ապահովման, Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնության օգտին:
«Նախարարներն ընդգծել են Սիրիայում բոլոր քաղաքական և էթնոդավանական ուժերի մասնակցությամբ ազգային երկխոսություն սկսելու անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևում ամրագրված քաղաքական կարգավորման հիմնարար սկզբունքների», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ: