Որևէ սպառնալիք չկար համայնքապետերին ուղղված. Ավանեսյանն արդարացնում է Փաշինյանին
ՔաղաքականՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Նիկոլ Փաշինյանի խոսքերում սպառնալիք չի տեսել։
«Ես որևէ սպառնալիք կամ որևէ նման երանգ բացարձակ չկար։ Վարչապետը ներկայացրեց պետական քաղաքականությունը, որ համայնքներն էլ պետք է շատ խնայողական լինեն բյուջետային միջոցների հանդեպ՝ նույն տրամաբանությամ, ինչ կառավարությունը, և բյուջետային խնայողությունները ծախսեն խիստ անհրաժեշտ կարիքները բավարարելու համար»,– ասաց նա։
Դիտարկմանը՝ եթե մեքենաները չկրճատվեն, ապա ինչու պետք է մանկապարտեզների, դպրոցների կառուցումը հետ ընկնի դրանից՝ Ավանեսյանը նշեց, թե մանկապարտեզները, բուժկենտրոններն ինչի՞ հաշվին պետք է վերանորոգվեն, պատճառահետևանքային կապը պետք է հասկանալ։
«Մեր ֆունկցիաներն իրականացնելու համար պետք է ունենանք ռեսուրսներ, ավտոմեքենա և այլ անհրաժեշտ ռեսուրսներ, բայց պետք է հասկանանք, որ խնայողաբար և խիստ կարիքի դեպքում պետք է հատկացնենք բյուջետային միջոցներ՝ վարչական ծախսերն իրականացնելու համար»,- նշեց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ առողջապահության համակարգում ևս դիտարկում են վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ։