«Մենք անկախ պետություն ենք, ուստի մեր գործընթացներին միջամտելու կարիք չկա»․ Ժապարով
ԱշխարհՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Եվրախորհրդարանի անդամներին կոչ է արել չմիջամտել հանրապետության գործերին և իրատեսորեն գնահատել երկրում տեղի ունեցող իրադարձությունները։ Այդ մասին նա հայտարարել է Բիշքեկում՝ հանրապետության բոլոր շրջանների ներկայացուցիչների 3-րդ կուրուլթայի (համագումարի) ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք անկախ պետություն ենք, ուստի մեր գործընթացներին միջամտելու կարիք չկա»,- ասել է նա։
Օրեր առաջ Եվրախորհրդարանը բանաձեւ էր ընդունել ի պաշտպանություն Ղրղզստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SDPK) առաջնորդ Թեմիրլան Սուլթանբեկովի, ով երկու կուսակիցների հետ ձերբակալվել էր ՏԻՄ ընտրություններից առաջ՝ ընտրողներին կաշառելու կասկածանքով։
Նախագահի խոսքով, ՍԴԿ-ի անդամների գործողությունները հանցագործություն են, որոնց համար «չի կարելի շոյել նրանց գլուխը», իսկ Եվրոպայում նրանք որոշումներ են ընդունում՝ ուշադրություն չդարձնելով օբյեկտիվ գործոններին։