Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահ Զուրաբիշվիլիին
ԱշխարհՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել, եթե որոշի նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ և հրաժարվի հեռանալ նախագահական նստավայրից երկրի նոր ղեկավարի երդմնակալությունից հետո, որը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին։
Կոբախիձեի խոսքով՝ Զուրաբիշվիլին խորհրդակցություններ է անցկացրել ընդդիմադիր քաղաքական գործիչների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ նոր ընտրություններ նշանակելու մտադրությամբ, սակայն նրան խորհուրդ են տվել զերծ մնալ նման քայլից։ Նա նախատեսում է կիրակի երեկոյան արտակարգ ճեպազրույց անցկացնել։
«Վստահ եմ, որ նա ունի բավարար խելք՝ չխախտելու քրեական օրենսգրքի նորմերը <...>, եթե պատկերացնենք, թե նա հաստատվել է նախագահական նստավայրում, ապա այս դեպքում դա նույնպես հանցագործություն է՝ նախատեսված քրեական օրենսգրքով»,- ասել է Կոբախիձեն։
Նա նշել է, որ «72-ամյա կնոջը ոչ ոք չի ցանկանում բանտ ուղարկել», սակայն պատասխանատվություն են կրելու նաև նրանք, ովքեր այս իրավիճակում գտնվելու են նրա հետ նստավայրում։
«Կտեսնենք, թե որտեղ է նա շարունակում ապրել՝ ճաղերի հետևո՞ւմ, թե՞ ազատության մեջ»,- եզրափակել է Վրաստանի վարչապետը։