ԱՄՆ–ում հաստատել են ՄՔԴ-ի դեմ պատժամիջոցները՝ Նեթանյահուին ձերբակալելու հրամանի պատճառով
ԱշխարհԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն աջակցել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի (ICC) դեմ պատժամիջոցների մասին օրինագծին, հայտնում է CNN-ը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել օրենսդիր մարմնի ստորին պալատի 243 անդամ, դեմ է քվեարկել 140-ը, փոխանցում է RBC–ն։
Սահմանափակումներ կկիրառվեն ՄՔԴ-ի կողմից «ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պաշտպանության տակ գտնվող ցանկացած անձի հետաքննությանը, ձերբակալմանը, կալանավորմանը կամ դատական հետապնդմանը նպաստելու ցանկացած փորձի համար»: Պատժամիջոցները ներառում են մուտքի արտոնագրերի մերժում և սև ցուցակում հայտնված անձանց հետ գործնական շփումների արգելք։
Օրինագիծը ներկայացրել են Կոնգրեսի ավելի քան 60 հանրապետական անդամներ՝ պատգամավոր Չիփ Ռոյի գլխավորությամբ, այն բանից հետո, երբ ՄՔԴ դատախազ Քարիմ Խանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և Իսրայելի կառավարության այլ պաշտոնյաների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդների ձերբակալության օրդեր խնդրեց: