Մենք լիովին մոբիլիզացված ենք և պատրաստ ենք դիմակայել այս մարտահրավերներին․ Գլենդելի քաղաքապետ
ԱշխարհԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսանյութ է տարածել՝ բնակիչներին հորդորելով պահպանել անվտանգության կանոնները և ներկայացնելով անտառային հրդեհների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Քաղաքապետը նշել է, որ քաղաքը շարունակում է բախվել արտակարգ իրավիճակի անտառային հրդեհների հետևանքով, որոնք ուղեկցվում են եղանակային ծայրահեղ պայմաններով:
«Խնդրում եմ իմացեք, որ մենք լիովին մոբիլիզացված ենք և պատրաստ ենք դիմակայել այս մարտահրավերներին: Այսօր առավոտյան մեր Արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնն արտակարգ իրավիճակի 3-րդ մակարդակից անցավ 2-րդ մակարդակին՝ ուժեղացված ռեսուրսներով և անձնակազմով: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկարգավորենք գործողությունները»,-նշել է Գլենդելի քաղաքապետը:
Նրա խոսքով՝ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տեղեկատվություն է տարածել է, որ մինչև հունվարի 15-ի ցերեկն ուժեղ քամիներ կլինեն, ինչն ավելի է մեծացնում հրդեհի արագ տարածման վտանգը․ «Մեր հրշեջ և ոստիկանության բաժինները լիովին համալրված են լրացուցիչ աշխատուժով և սարքավորումներով ու պատրաստ են արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի»,- նշել է Ասատրյանը: