Հայտնում եմ պատրաստակամությունս՝ միասին քննարկելու և ձևակերպելու ավելի հստակ առաջարկ. Նաիրի Սարգսյան
Բլոգոսֆերա
«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է կառավարության շենքի դիմաց իրենց բողոքի ձայնը բարձրացնող ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներին։
«Ձեզ եմ փոխանցում իմ լիակատար աջակցությունն ու համերաշխությունը։ Վստահ եղեք՝ ձեր պայքարը իմն էլ է։ Բիզնեսը պետության առանցքն է՝ բարիք ստեղծողը, աշխատատեղեր ապահովողը և հարկ վճարողը։ Բիզնեսները մշտապես պետք է գտնվեն պետության հոգածության ներքո։
Իշխանությունը ցանկացած փոփոխություն կատարելուց առաջ պարտավոր է քննարկել այն ձեզ հետ, հաշվի առնել ձեր կարծիքը և գտնել այնպիսի լուծումներ, որոնք տանելի կլինեն գործարարների համար և չեն խոչընդոտի բիզնեսների զարգացումը կամ հանգեցնի դրանց փակմանը։
Ձեր պահանջն արդար է, ձայնը՝ հզոր, և այն պետք է լսելի դառնա։
Հայտնում եմ իմ պատրաստակամությունը՝ միասին քննարկելու և ձևակերպելու ավելի հստակ առաջարկ, որը կստիպի կառավարությանը խուսափել չհաշվարկված և ոչ պատեհ որոշումների ընդունումից»,- գրել է նա:
