Ոչ թե իրենք են վերցնում մեր հողերը, այլ մերոնք են տալիս. ադրբեջանցիները, հակառակ համաձայնագրի, փորձում են գրավել Բերդաշենը
ՀասարակությունԱդրբեջանցի զինվորները մոտեցել են Արցախի Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղին: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Բերդաշենի բնակիչ Կամո Աղաջանյանը:
«Մի կամուրջ կա, որի մեջտեղով ձոր է անցնում, թշնամին մտել ու սահմանը դրել է այդտեղ, մերոնք էլ, ականջները կախ, անում են այն, ինչ ասում են նրանք: Ադրբեջանական կողմը ներխուժել է մեքենաներով, ռուս գնդապետի հետ: Մոտեցել են իմ նռան այգուն, որը գտնվում է Բերդաշենից 200 մետր հեռավորության վրա: Հայկական կողմից չունենք որևէ ներկայացուցիչ, որ կարողանա ռուսերեն խոսել, թշնամու հետ լեզու գտնել, այդ պատճառով ես անձամբ եմ մոտեցել ռուս գնդապետին, խոսել եմ հետը, բացատրել, որ սա մեր տարածքն է, մեզ է պատկանում, թե որտեղից է սկսվում Մարտունու շրջանը, իսկ նրանք ինձ GPS-ը ցույց տվեցին, ըստ որի, Բերդաշենը և հարակից տարածքները ադրբեջանական են»,- պատմում է բերդաշենցին:
Ըստ մեր զրուցակցի՝ ադրբեջանցի գեներալն իրեն ասել է՝ աշխարհը մերն է, ինձ հետ համաձայն չե՞ք, ինքն էլ պատասխանել է՝ ժամանակը ցույց կտա:
Բերդաշենի բնակիչը կարծում է, որ խնդիրը լուծելու միակ տարբերակը թշնամու հետ «լեզու գտնելն» է, որովհետև ոչ թե իրենք են վերցնում մեր հողակտորները, այլ մերոնք են տալիս:
Կամոն հենց այս պահին էլ իր այգում է, ասում է՝ գյուղացիները վախեցած ու հիասթափված են, իսկ ադրբեջանցի գեներալներն ասել են՝ դու քո այգում աշխատի՛ր, բայց սահմանը մերն է, քարտեզով մեր տարածքում է ցույց տալիս:
«Այդ հողատարածքը, որին տիրացել է թշնամին, Մարտունու ենթաշրջանի մեջ է՝ Բերդաշենի կազմում: Քանի որ մեր երկրում նախագահականից մինչև վարչակազմ որևէ ներկայացուցիչ չի եղել, թուրքը որտեղ ոտքը դրել է, այնտեղ էլ սահման է գծել, ասել, որ իրեն է պատկանում: Ինձ համար շատ ցավալի է, որ մեր երկրում որևէ մեկը պատասխանատու չէ դրա համար, և բոլորը վախենում են թշնամուց»,- ընդգծում է բերդաշենցին:
Կամոն հարցի վերաբերյալ խոսել է ԱՀ արտգործնախարարի, Պաշտպանության նախարարության շտաբի պետի, պատգամավոր Դավիթ Իշխանյանի հետ, իսկ նախագահի հետ կապվել այդպես էլ չի հաջողվել: Նրանք վերջինիս ասել են, որ կուսումնասիրեն քարտեզը, կփորձեն լուծում գտնել, բայց մինչև հիմա որևէ լուրջ քայլ չեն արել:
«Ասում են՝ կանենք, բայց ոչ մի բան էլ չեն անում, փոխարենը գան, նստեն, խոսեն, որ մենք հանգիստ ապրենք մեր հողերում: Եթե այսպես շարունակվի՝ շատ հանգիստ գյուղն էլ կվերցնեն, ասում են՝ մենք խաղաղապահ ենք, ձեզ ոչ մի բան չենք անի, եկե՛ք, աշխատե՛ք ձեր հողատարածքներում: Հալալ է մեզ, երևի հենց սրան էինք արժանի: Ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ կլինի մեզ հետ. ինչպես երկրի կեսն են ծախել, այնպես էլ մյուս մասն են ծախում»,- իր խոսքը եզրափակեց Բերդաշենի բնակիչը:
Նշենք, որ, ըստ եռակողմ հայտարարության, Բերդաշենը պետք է մնա հայկական կողմին, սակայն Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները հակասում են Արցախում ռազմական գործողությունների դադարեցման պայմաններին:
Արփինե Հակոբյան