Նախկին նախագահներին կոչ եմ անում օգտվել առերես բանավիճելու այս հնարավորությունից․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ նախկին երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գրասենյակներից արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանավիճելու կոչին։ Նախկին նախագահները հրաժարվել են բանավեճից։
«Սա իրականում ճշմարտության պահ է, որովհետեւ բանավեճը, որ առաջարկել եմ Հայաստանի նախկին նախագահներին կարեւորագույն նշանակություն պիտի ունենա այն հարցում, որ ժողովուրդը վերջնական եւ աներկբա եզրակացութուն աներ, թե ի վերջո ինչ է տեղի ունեցել երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում, ո՞վ է մեղավոր, ինչո՞ւմ է մեղավոր: Սա բացառիկ հնարավորություն է, որ ինֆորմացիայի առաջնային կրող մարդիկ դեմ դիմաց հանդիպեն եւ հեռակա ու հեռավար բանավեճը եզրափակեն առերես բանավեճով: Սա միայն անցյալի խոսակցություն չէ, այլ նաեւ ապագայի ռազմավարություններում կողմնորոշվելու համար առանցքային մի իրադարձություն է»,-ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ խնդիրը միայն բանավեճը չէ, այլ սեփական պատմությունը սեփական ժողովրդին մեկնաբանելու, սեփական պատմությունը հասկանալու մասին է:
«Ուղիղ կամ անուղղակի նախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց ես նրանց կոչ եմ անում եւս մեկ անգամ մտածել այս մասին, որովհետեւ եզրակացությունը ի վերջո տեղի ունենալու է: Ես վճռական եմ եւ այդ խոսակցությունը տանելու եմ մինչեւ վերջ, ինչ ֆորմատով, դա ուրիշ խնդիր է, ես ընտրում եմ ազնիվ ճանապարհը՝ նախկին նախագահների հետ դեմ դիմաց, առերես կանգնելու եւ խոսելու: Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետեւությունները կմնան ժողովրդին եւ ես ժողովրդին կօգնեմ այդ հետեւությունները անելու գործում»,- ասել է նա: