Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. թաղման ժամանակ «Սմբատը մոտեցել ու կտրել է Արսենի պարանոցը»
ՀասարակությունԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում: Համագյուղացիներից մեկի թաղման ժամանակ, տեղի բնակիչ Սմբատ Ըռքոյանը մոտեցել և կտրել է նույն թաղման մեկ այլ մասնակցի՝ Արսեն Մկրտչյանի պարանոցը: Մկրտչյանին դեպքից անմիջապես հետո տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն, այնուհետև՝ Երևան:
Գեղհովիտ համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանը ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց, որ ցնցված է դեպքից և այս պահին ամեն հնարավոր բան անում է՝ մանրամասները պարզելու համար:
«Ամբողջ գյուղով թաղմանն էինք մասնակցում, դե գյուղերում այդպես է, չէ՞: Թաղման արարողությունն էր տեղի ունենում ու հանկարծ Սմբատը մոտեցավ և կտրեց Արսենի պարանոցը: Խնդիր ունեցել են իրար հետ, թե ոչ՝ չգիտեմ, բոլորիս համար էլ անակնկալ էր»,-մանրամասնեց համայնքապետ Պողոսյանը:
ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ 14:30-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղհովիտի գերեզմանատանը բնակիչներից մեկը դանակով հարվածել է մյուսին: Այնուհետև հիվանդանոցից է ահազանգ է ստացվել, որ պարանոցի հատվածում դանակի վնասվածքով բնակիչ է տեղափոխվել:
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացրին նաև, որ Գեղհովիտ համայնքի բնակչին պարանոցի հատվածում վնասվածք հասցրած անձը բերման է ենթարկվել և կատարվում է նախաքննություն:
Արմինե Միքայելյան