Պաշտոնանկ են արվել Կոտայքի ոստիկանապետն ու Աբովյանի բաժնի պետը
ՀասարակությունՈստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանը և Աբովյան քաղաքի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեցին ոստիկանությունից:
Պաշտոնից ազատված ոստիկանները գրանցվել են կադրերի ռեզերվում:
Թե ինչով է պայմանավորված պաշտոնանկությունները, ոստիկանությունից պատասխանեցին, որ համակարգում կադրային փոփոխություններ մշտապես լինում են:
Սակայն, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, պաշտոնանկությունները կապված են Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ հունվարի 29-ին տեղի ունեցած զինված միջադեպի հետ։
Հիշեցնենք, որ կրակոցների հետևանքով մարմնական տարբեր վնասվածքներ ստացած 7 անձ տեղափոխվել են հիվանդանոցներ, մեկը՝ մահացել: Միջադեպի մասնակիցների թվում են եղել «Շշի Մելո» մականվամբ հայտնի, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի որդին, քրոջ որդին և եղբորորդին: