«Ենթադրում եմ՝ թմրանյութ կամ զենք պահելու կասկածանքով են բերման ենթարկել»․ Ռուբեն Հայրապետյանի պաշտպան (տեսանյութ)
ՔաղաքականԲերման ենթարկելու գործողությունը որևէ առնչություն չունի ֆուտբոլի ֆեդերացիայի գործի հետ, ավելին ասեմ, պարոն Հայրապետյանը երեկ այդ գործով հարցաքննվել է որպես վկա և ցուցմունքներ է տվել։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ռուբեն Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նա նշեց, որ փորձելու է կրկին ներս մտնել ոստիկանության շենք և ավարտից հետո հանրությանը տեղյակ կպահեն ամենի մասին։ Հարցին, թե հայտնի է արդյոք, թե որտեղից և ինչպես են բերման ենթարկել Հայրապետյանին, Մակինյանը նշեց․
«Ո´չ, հայտնի չէ, գիտեմ, որ բերման ենթարկելու գործողությանը մասնակցել են դիմակավորված հատուկ ջոկատայիններ։ Բերման ենթարկելուց մինչև երեք ժամ իրավունք ունեն պահել ներսում, հակառակ պայմանում՝ կամ անձը պետք է ազատ արձակվի, կամ ձերբակալման մասին արձանագրություն կազմվի։ Հաշվի առնելով վերջին իրողությունները՝ կարող եմ ենթադրություն անել, որ թմրանյութ պահելու կամ զենք պահելու կասկածանքով են բերման ենթարկել»,-ժպիտով նշեց Մակինյանն ու հավելեց՝ երբ այլ պատճառաբանություն չի լինում մարդուն բերման ենթարկելու՝ այդ պատճառաբանությունը միշտ կա ու կա։
Մանրամասները՝ տեսանյութում։