Գործն արհեստական և շինծու է. Նավասարդ Կճոյանի պաշտպան
Իրավունք«Գործն արհեստական և շինծու է, մեզ համար անհասկանալի է՝ ինչ նպատակ է հետապնդում այն»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի պաշտպան Հովիկ Արսենյանը՝ անդրադառնալով քիչ առաջ ԱԱԾ կողմից օֆշորի աղմկահարույց գործով Սրբազան Կճոյանին առաջադրված մեղադրանքին: Պաշտպանի խոսքով՝ սրբազանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. «Նա մանրամասն ցուցմունք է տվել, որպեսզի ստուգեն, սակայն առանց որպես վկա հարցաքննելու մեղադրանք են առաջադրել։ Սակայն, տուժող կողմից ցուցմունք չկա։ Այս պահին էլ ԱԱԾ-ում ենք, քննչական գործողություններ են կատարվում»,- ասաց նա՝ նշելով, որ մեղադրանքն առաջադրվել է 2 օր առաջ և անսպասելի էր, որ մեղադրանք կառաջադրվի։ Արսենյանը նշեց՝ ցավ է ապրում, քանի որ այս գործելաոճը բնորոշ էր նախորդ իշխանությանը:
Նշենք, որ շուրջ 10 տարի է ինչ սնանկացած գործարար, օֆշորի սկանդալի գործով առանցքային տուժող Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող գույքի դիմաց ստացված մոտ 10 միլիոն դոլարը գործարար Աշոտ Սուքիասյանը, Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է օֆշորում գրանցված մի քանի կազմակերպությունների ՝ այդ թվում WLISPERA HOLDINGS-ին: Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքի համաձայն WLISPERA HOLDINGS LIMITED-ի բաժնետերերն են Աշոտ Սուքիասյանը, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և Սամվել Կճոյանը: Սուքիասյանը, սակայն, պնդել է, թե ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ կազմակերպության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ է սարքել: