Արտակ Թովմասյանը բարձրաձայնում է` ընտրացուցակներում կան բազմաթիվ կեղծիքներ
Քաղաքական«Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանն այսօր հրատապ ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ ներկայացրեց իր թիմի կողմից ընտրացուցակներում հայտնաբերած խախտումները:
Արտակ Թովմասյանի թիմը իրականացրել է 2021թ. մայիսի 31-ի, 2021թ. հունիսի 13-ի և 2018թ. պաշտոնապես հրապարակված ընտրացուցակների վերլուծություն և ստացել այն պատկերը, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակներում նախորդի համեմատ ավելացել է երկու հարյուր հազար մարդ։
Թովմասյանը նշեց, որ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է դեպք, որ մեկ բնակարանի հասցեում մինչև 145 մարդ է գրանցված, ինչպես նաև այլ համայնքներից հազարավոր քաղաքացիներ գրանցում են ստացել նաև Երևանում կամ հակառակը։
Այսպես, ըստ այդ վերլուծության, եթե քաղաքացին 2018թ․ ընտրություններում գրանցված է եղել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում, ապա 2021 թվականին միայն վարչական շրջանի անունն է փոխվել և նույն քաղաքացին գրանցվել է Ագարակ համայնքի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում։ Հենց այս դեպքերն են, որ կասկածելի շատ են և հատում են 14․000-ի շեմը։