Լոռու մարզպետը ինձ ծեծի է ենթարկել, քանի որ «ՔՊ»-ին չեմ օգնել ձայներ հավաքելու հարցում. Օձունի համայնքապետ
ՔաղաքականԵրեկ՝ հունիսի 22-ին, Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին 10 հոգով ծեծի են ենթարկել: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում համայնքապետը նշեց, որ 10 հոգու մեջ է եղել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը. «Մոտ 10 հոգի, այդ թվում նաև մարզպետը, ինձ ծեծի էին ենթարկել՝ պահանջելով իմ հրաժարականը: Ես, իհարկե, դիմել եմ ոստիկանություն»,- ասաց համայնքապետը։
Օձունի համայնքապետը նշեց, որ իրեն ծեծի ենթարկելը միայն հրաժարականով պայմանավորված չէր. «Լոռու մարզպետը ինձ ծեծի է ենթարկել ոչ միայն հրաժարականիս պահանջով, այլև նրա համար, որ «ՔՊ» կուսակցությանը չեմ օգնել ձայներ հավաքելու հարցում»,- նշեց Տիտանյանը:
Մեր այն հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է հրաժարական ներկայացնել, համայնքապետը պատասխանեց, որ իմաստ չի տեսնում հրաժարական տալու: Իսկ, թե արդյոք մտավախություն չունի, որ, մնալով պաշտոնին, նորից կարող է ծեծի ենթարկվել կամ այլ սպառնալիք ստանալ, համայնքապետը պատասխանեց. «Ի՞նչ անենք, վախենա՞նք մեր հանրապետությունում ման գանք»,- նշեց նա:
Զրուցեցինք նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, որն ասաց՝ որևէ մեկի հրաժարականը չի պահանջել, առավել ևս որևէ մեկին ծեծի չի ենթարկել:
Անդրադառնալով Օձինի համայնքապետի այն ասածին, թե իրեն ծեծի են ենթարկել, քանի որ չի սատարել «ՔՊ»-ին ձայներ հավաքելու գործում, Լոռու մարզպետն ասաց. «Նման բան չկա»: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու է նման պատասխանատու հայտարարություն արել Օձունի համայնքապետը, Արամ Խաչատրյանը, երկար մտորելուց հետո, պաատսխանեց. «Հավանաբար քաղաքական ենթատեքստ կա այստեղ»,- շեշտեց նա:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 22-ին, «Հայաստան» դաշինքն ահազանգ էր ստացել, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում այն համայնքների ղեկավարները, որոնք «Հայաստան» դաշինքի թիմակիցներն են, այդ համայնքներում համայնքապետերին սպառնալիքներով հորդորում են ինքնակամ հրաժարական տալ։
Զվարթ Պետրոսյան