«Էլ ըտենց բաներ չլսեմ, կալանավորեք նրան, ով կեղծ պատվաստում ա անում». Փաշինյանը բորբոքվեց
Հասարակություն«Էլ ըտենց բաներ չլսեմ, կալանավորեք նրան, ով կեղծ պատվաստում ա անում»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այս պահին կորոնավիրուսի ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի ունենք, որոնք պատվաստված լինելով, հիվանդանոցային բուժման կարիք ունեն: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքները: Պատվաստումների ակտիվություն ունենք, բայց սա բավարար տեմպ չէ և, ցավոք սրտի, դեռ կան որոշ անձինք, որոնք չարամտորեն խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը քաղաքացիներին շփոթության մեջ է գցում: Եվրոպական մի շարք երկրներ արդեն պատվաստումները հասցրել են 90 տոկոսի: Հարց է ծագում՝ ի՞նչն է խնդիրը, ի՞նչ շահեր ունեն այս անձինք, որ Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»,-ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդհատեց նախարարին և փորձեց պարզաբանել, թե ինչ շահեր ունեն այն մարդիկ.
«Սկզբում երբ ՀՀ-ում մարդիկ սկսեցին կորոնավիրուսից մահանալ, նրանք ամեն օր այդ մահերը վերցնում էին ու քաղաքական շահարկման թեմա դարձնում: Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որ ասեն՝ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել: Ինչու՞ ենք բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում: Կա հստակ պետության պարտավորություն: Վարչական լծակները գործադրեք, պատվաստումը պետք է առաջ գնա: Ես առողջապահության նախարարությունից չեմ ուզում բողոք լսել, որ խանգարում են պատվաստման գործընթացներին: Պետությունն ունի բոլոր լծակներն՝ ընդունելու անհրաժեշտ իրավական ակտեր»,-ասաց վարչապետը: