Հրդեհված ավտոմեքենայի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է. մանրամասներ
ՀասարակությունԻնչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար և խոշոր հրդեհ է տեղի ունեցել Շենգավիթում։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, վարորդը հոսպիտալացվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Վարորդի առողջական վիճակը պարզելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղից հայտնեցին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում.
«Հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, նրան վիրակապել են արդեն, առաջիկա 5 օրերին դեռ կգտնվի վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնեցին Այրվածքաբանությունից՝ հավելելով, որ այդ դեպքով որևէ տուժած իրենց չի դիմել:
Նշենք, որ «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․, ծնված 1945 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Արտաշիսյան փողոցի թիվ 44/4 շենքին հարակից գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։
Հայտարարվել էր հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Ժամը 18։16-ին հաստատվել էր հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը։ Փրկարարներն իրականացրել են տարահանման աշխատանքներ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։41-ին, մարվել՝ 19։24-ին։ Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայում հայտնաբերել են մոխրացած դի։
Այրվել են հարակից շենքի բնակարանների պատուհանները և 9 պատշգամբում՝ կենցաղային իրեր:
Հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս տուժել է հրշեջ-փրկարար Է․ Մ․-ն․ վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։
Զվարթ Պետրոսյան